«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Լեռան ճակատագիրը չես փոխի

Լեռան ճակատագիրը չես փոխի
30.04.2025 | 11:24

Մեկ-մեկ Մասիսը դառնում ա երկնագույն, խառնվում ա երկնքին՝ կորում, ու զույգ ձյունաճերմակ գագաթները կախվում են օդի մեջ։ Էդ ժամանակ Մասիսը շատ թեթև, եթերային ա, ու թվում ա՝ եթե մեր կողմը փչող քամի անի, Մասիսը կքշի-կբերի մեր մոտ։

Հետո երկնքի գույնը փոխվում ա, ու Մասիսի ծանրանիստ լանջերն աստիճանաբար առանձնանում են, ընդգծվում երկնքի ֆոնի վրա։ Մասիսը դառնում ա հսկա լեռ, որը միլիարդավոր տոննաներով ծանրացել ա երկրագնդի մակերեսին ու իր ուսերին ա կրում հազարամյակների պատմությունը։ Ինչքա՜ն քամիներ, փոթորիկներ ա տեսել, բայց մի միլիմետր անգամ տեղից չի շարժվել։ Ու էդ ժամանակ հասկանում ես, որ Մասիսը չի վերջանում, այլ տարածվում, գալիս ա մինչև ոտքերիդ տակ։ Դու Մասիսի վրա ես։

Երբեմն օդն էնքան թափանցիկ ա լինում, որ կարելի ա պարզ տեսնել Մասիսի վրայի բոլոր անհարթությունները։ Տեսանելիությունը 300 տոկոսից անցնում ա՝ 100 տոկոսը ֆիզիկական տեսանելիությունը, իսկ մնացածը՝ հայկական ներքին տեսանելիությունը, որը բացի հայերից ոչ մեկին տրված չի։

Էդ ժամանակ՝ եթե ուշադիր նայես, Մասիսի վրա կտեսնես Նոյյան տապանը։ Գիտնականներն անընդհատ ինչ-որ արշավախմբեր են ուղարկում, որ բարձրանում են Մասիսն ու փնտրում տապանի հետքերը։ Էդ արշավախմբերը ոչ մի բան էլ չեն գտնի։ Նոյյան տապանը միայն Հայաստանից ա երևում։ Ինչ Մասիսը մեր ձեռից առել են ու բանտարկել թրքյա յաթաղանափայլ վանդակում, նա հեքիաթի հավքի նման՝ լռել ա ու թաքցրել իր գաղտնիքներն աշխարհից։ Իսկ երբ մենք ասում ենք, թե ինչեր ենք տեսնում, մարդիկ չեն հավատում, կարծում են՝ սուտ ենք ասում։ Թող չհավատան, մենք հո գիտենք, մենք հո տեսնում ենք։

Իսկ լինում են օրեր, երբ Մասիսն ընդհանրապես չի երևում։ Նայում ես էդ կողմ, գորշ, կապարե երկինքը գնում-գնում ա, ու վերջում ոչինչ չկա, կարծես Մասիսը գողացել են։ Էդ օրերը խավարի օրեր են, մարդիկ ակամա փոխվում են, տխրում, չարանում, ասես իրար չեն տեսնում, ասես իրար օտար լինեն։ Բայց դու գիտես, որ Մասիսը կա, իր տեղում ա, պարզապես քե՛զ չի երևում, որովհետև կորցրել ես քո ներքին Մասիսը, քո ներսի մասիսական հայելին գոլորշապատվել ա, պետք ա մաքրել, որ Մասիսը երևա, պետք ա ազատվել Մասիսը մշուշող մտքերից, ու Մասիսն էլի կերևա։

Մասիսի ազգանունը հայկական ա։ Ինչքան էլ փոխեն, ինչքան էլ խեղաթյուրեն, բան չի փոխվի. Մասիսը հայ ա, հայ էլ կմնա՝ մայրենի լեզուն հայերենն ա, ճակատագիրը հայկական ա, հայացքը դեպի Հայաստանն ա։ Եթե անգամ մենք վերանանք՝ կորչենք-գնանք, եթե անգամ Հայաստան չլինի, հայ չլինի, եթե անգամ մարդ արարածը ջնջվի երկրի երեսից, Մասիսն էլի հայ կմնա։ Էդ ա իրա ճակատագիրը, իսկ ճակատագիրը չես փոխի, հատկապես՝ լեռան ճակատին՝ ապառաժների վրա փորագրված ճակատագիրը․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2395

Մեկնաբանություններ